ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Պարտված և հանձնված իշխանությունները «խաղաղության» պատրանքի դիմաց իրականացնում են ներքին ինքնության աստիճանական ապամոնտաժում

Պարտված և հանձնված իշխանությունները «խաղաղության» պատրանքի դիմաց իրականացնում են ներքին ինքնության աստիճանական ապամոնտաժում
15.09.2025 | 16:22

Այսպիսով, իշխանությունը անցել է արդեն երրորդ հանրապետության հիմքերի վերացմանը ոչ միայն սահմանադրական և քաղաքական մակարդակով, այլ նաև արժեքային և սոցիալ-մշակութային մակարդակով կիրառելով առայժմ փափուկ խոսքի մեթոդը: Բոլոր նրանք, ովքեր այսօր Արարատ լեռան պատկերն են տեղադրում, անում են մինիմալ անհրաժեշտ քարոզչական աշխատանք : Հակառակ գործին է լծված իշխանությունը, և այն ունի շերտեր:

Պաշտոնյայի կողմից, այս դեպքում ՀՀ ԱԽՔ-ի կողմից հնչեցված այն միտքը, որի ենթատեքստը վստահաբար Արարատ լեռան սիմվոլիզմից հրաժարվելն է, թե «պատերին կախված նկարները կարող են հարևանի մոտ այլ էմոցիաներ առաջացնել» և այդ պատճառով պետք է զգուշանալ խորհրդանիշերից, դուրս է որևէ սահմաններից: Այս խոսքի մեջ կիրառվող թաքնված պարտադրանքը վերածվում է սուբյեկտիվ գործոնի, որը թույլ է տալիս գործադիր իշխանությանը կամ քաղաքական մեծամասնությանը ստանձնել լայն հնարավորություններ՝ վերահսկելու հանրային և նույնիսկ մասնավոր տարածքի և մտքի ինքնարտահայտման ձևերը։ Այդպիսի մոտեցումը վտանգում է քաղաքացիական ազատությունների ինստիտուցիոնալ ամրագրվածության բուն հիմքը՝ բացելով ճանապարհ «փափուկ ավտորիտարիզմից դեպի կոշտ տոտալիտարիզմ», առավել ևս, որ Փաշինյանը ողջ ուժով լծվել է նոր գաղափարախոսություն գրելու գործին և դրա հեղինակ նշանակել «ժողովրդին»: Դատելով նրա մենթալ բնույթից և կրթական ցենզից՝ կարելի է ենթադրել, որ, չունենալով քաղաքականության պատմության մասին անհրաժեշտ գիտելիքներ, նա չէր էլ կարող գիտակցել, որ գաղափարախոսություններ գրողները, երբ այն ավարտում են, բոլոր դեպքերում ստանում են մի իրավիճակ, որ դրանից դուրս գտնվողները կամ այն չդավանողները դառնում են ազգի կամ պետության թշնամի և համապատասխանաբար ենթակա են լինում վերացման կամ մեկուսացման, որ չսպառնան գաղափարական կարգին: Դա քաղաքագիտության մեջ վաղուց կոչվում է տոտալիտար ռեժիմ:

Պատմական համեմատության համար բերեմ ֆաշիստական և նացիստական ռեժիմների մեխանիզմները: 20-րդ դարի դասական տոտալիտար ռեժիմները (նացիստական Գերմանիա, ֆաշիստական Իտալիա) կիրառել են խորհրդանիշերի վերահսկողություն՝ ոչ թե հասարակական խաղաղությունը ապահովելու, այլ սեփական գաղափարախոսության մոնոպոլիան հաստատելու նպատակով։ Նացիստական Գերմանիայում արգելվում էին ոչ միայն հակաիմաստային խորհրդանիշեր, այլև նույնիսկ այն արվեստի ձևերը, որոնք կարող էին սասանել ռեժիմի քարոզչական «մաքրությունը»։ Ֆաշիստական Իտալիայում պետական մեքենան վերահսկում էր ոչ միայն քաղաքական խորհրդանիշերը, այլև քաղաքացիական մշակույթի բովանդակությունը՝ սրբագրելով ցանկացած այլընտրանքային իմաստ։

Այս պատմական օրինակները ցույց են տալիս, որ «հարևանի էմոցիաների» վրա հիմնված որևէ արգելք շատ արագ վերածվում է գաղափարական մոնոպոլիայի, որտեղ իշխանությունը ոչ միայն կարգավորում է քաղաքական խոսքը, այլև անձի ինքնության խորհրդանշական արտահայտումները։

Այս պայմաններում ՔՊ-ն փաստացի ապահովում և սպասարկում է թուրք–ադրբեջանական մարտահրավերը՝ որպես արտաքին ճնշման գործոն: Հայաստանում ներկայումս ձևավորվում է անվտանգային միջավայր՝ թուրք-ադրբեջանական տանդեմի երկարաժամկետ ռազմավարությամբ:

Դրանք են՝

-էթնո-քաղաքական ճնշում․ «Զանգեզուրի միջանցք» և «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունները նպատակ ունեն ոչ միայն տարածքային, այլև ներկայության և ինքնության դեգրադացիայի։

-Հոգեբանական և տեղեկատվական պատերազմով Բաքուն և Անկարան կառուցում են այնպիսի նարատիվ, ըստ որի՝ հայկական ինքնության արտաքին խորհրդանիշերը պետք է դառնան «կոնֆլիկտ ստեղծող» և, ի վերջո, չեզոքացվեն։

-Պարտադրանքի տեխնոլոգիա․ զինված ուժերի, տնտեսական ճնշումների և դիվանագիտական պայմանավորվածությունների միջոցով ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ հայկական իշխանությունները, նույնիսկ առանց բացահայտ փաստաթղթային պարտավորությունների, սկսեն ներսից սահմանափակել ինքնության խորհրդանիշերը՝ իբրև «խաղաղության պահպանման» գին։

Այս ամենը ուղեկցվում է ներքին կոլաբորացիայով և ինստիտուցիոնալ խոցելիությամբ: Եթե նման հորդորները տարածվում են պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ապա դրանք ստանում են քաղաքական լեգիտիմության կեղծ փայլ։ Այդ դեպքում պետությունը, սեփական նախաձեռնությամբ կամ արտաքին ճնշման տակ, գործում է որպես կոլաբորանտային կառույց, որը ինքնակամ նեղացնում է ժողովրդավարական տարածքը և ներքին ինստիտուտները դարձնում է արտաքին ռազմավարության գործիք։

Այս դինամիկան հատկանշական է «պարտված և հանձնված» իշխանությունների համար, որոնք արտաքին ուժի հետ «խաղաղության» պատրանքի դիմաց իրականացնում են ներքին ինքնության աստիճանական ապամոնտաժում։

Ինստիտուցիոնալ վտանգը նրանում է, որ խոսքի և խորհրդանիշերի սահմանափակումները բացում են ճանապարհ «փափուկ ավտորիտարիզմից» դեպի «գաղափարական տոտալիտարիզմ»: Սա հղի է ազգային ինքնիշխանության կորստով, երբ սահմանափակումը գալիս է արտաքին պարտադրանքի տրամաբանությամբ, և այն ոչ թե ներքին քաղաքական ընտրություն է, այլ՝ ինքնիշխանության զիջում։

Այս պայմաններում, հասարակական դիմադրության անհրաժեշտությունից ելնելով, քաղաքացիական հասարակության և ակադեմիական շրջանակների խնդիրն է պահել ազատության ինստիտուցիոնալ հավասարակշռությունը և կանխել այն, որ անվտանգային ճնշումները չվերածվեն մշտական քննադատության ճանապարհով գնացող ռեժիմի համար պետության ինքնաոչնչացման քաղաքականության։

Այսպիսով, ԱԽՔ-ի հորդորը պետք է դիտվի թուրք–ադրբեջանական երկարաժամկետ մարտահրավերի և Հայաստանի ներկայիս իշխանությունների հլու քաղաքականության կոնտեքստում, և այն չի սահմանափակվում անհաջող արտահայտությամբ։ Այն դառնում է քաղաքական և ինստիտուցիոնալ թրենդի արտահայտություն, որը սպառնում է երկրի ինքնիշխանությանը և ժողովրդավարական հիմքերին։

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 163

Մեկնաբանություններ